ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը ստանում է «синицу в руках», իսկ մենք` «журавля в небе»

«Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը ստանում է «синицу в руках», իսկ մենք` «журавля в небе»
11.09.2009 | 00:00

«ՀՅԴ-Ն ԴԵՄ ՉԷ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ»
Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները, դրանցում պարունակվող վտանգները մեկնաբանում է ՀՅԴ բյուրոյի անդամ և խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
-Պարոն Հովհաննիսյան, դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մամուլի ասուլիսում նշեց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների որոշ կետեր կուսակցությունը մտահոգիչ և անընդունելի է համարում։ Սակայն, մասնավորապես ցեղասպանության հարցի վերաբերյալ, տեքստում որոշակի որևէ բան չկա։ Ասվում է միայն, որ հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի կազմում կստեղծվեն նաև մի քանի ենթահանձնաժողովներ։ Մինչդեռ վերջին հանրահավաքում Դուք պնդեցիք, թե այս ամենը նպատակ ունի ցեղասպանության խնդիրը դարձնելու փոշոտ ակադեմիական հարց։
-Շատ լավ, փորձենք պարզաբանել։ Նախաստորագրված արձանագրությունների տեքստում խոսվում է հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմում առանձին ենթահանձնաժողովներ ձևավորելու մասին։ Եթե նայենք այդ հատվածը, ուղղակիորեն նշված է «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով»։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ պատմական հարթությունով չեն զբաղվելու էկոլոգները, «տրանսպորտնիկները», «գազավիկները» կամ կոշկակարները։
Բայց ավելի վտանգավոր է, այսպես կոչված, գաղափարի բացվածքը, որտեղ նշվում է «երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում։ Այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկների ձևակերպման համար»։ Հիմա ես հարց եմ տալիս` պատմաբանների հանձնաժողովն էլ ի՞նչ տեսք պետք է ունենա։ Եթե Ձեր առջև դրվում է ափսեով մակարոն, Դուք տեսնում եք, որ դա հենց մակարոն է, բոլորովին պարտադիր չէ, որ մի հատ էլ ափսեի եզրին գրված լինի, որ դա մակարոն է։ Բովանդակությունը պարզ է։
-Սա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան իր վաղեմի առաջարկը ներկայացրել է այս ձևով։
-Իհարկե։ Եվ երբ Հայաստանի արտգործնախարարն ասում է, թե այստեղ ցեղասպանության հարցը որևէ ձևով արծարծված չէ, Թուրքիան ոչ մի նախապայման չի դնում, մենք, այնուհանդերձ, ոչ թե փաստաթղթի ձևին ենք նայում, այլ բովանդակությանը։ ՈՒշադրության է արժանի այն, որ խոսքը վերաբերում է «արխիվների անկողմնակալ ուսումնասիրությանը»։ Այսինքն, այսպիսի փաստաթղթի ստորագրման դեպքում մենք հետո էլ չենք կարող ասել, որ ցեղասպանություն է եղել, պետք է «անկողմնակալ» լինենք։ Այո՛, սա Թուրքիայի վաղեմի առաջարկի մեկ այլ ձևակերպումն է, որի շուրջ խոսակցություններն անգամ սառեցրել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Իսկ Հայաստանի իշխանություններն այս փաստաթուղթը նախաստորագրելով` հայտնվել են լուրջ հակասության մեջ։ Որովհետև «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող փաստաթղթում հստակ կետ կա, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այդ թվում` Թուրքիայի կողմից, Հայաստանը հետապնդում է ոչ միայն որպես պատմական արդարության խնդիր, այլև քաղաքական հարց, որն առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը։
-Լավ, ընդունենք, թե Ձեր մտահոգությունն ինչ-որ չափով հիմնավոր է։ Բայց եթե կա միջկառավարական հանձնաժողով, իսկ ենթահանձնաժողովը դրա մի մասն է, միևնույն է, ցանկացած հարցի քննարկում վերադառնալու է հանձնաժողով։ Էլ ինչպե՞ս կարող է հարցը դառնալ փոշոտ, ակադեմիական հարց, ինչպես Դուք էիք արտահայտվել։
-Եկեք ճիշտ հասկանանք. ՀՅԴ-ն դեմ չէ հայ և թուրք ժողովուրդների միջև փոխվստահության հաստատմանը և իսկապես այդ նպատակին ծառայող հանձնաժողովի գոյությանը։ Մենք կտրականապես դեմ ենք, որ ցեղասպանության հարցը դրվի պատմական հարթության վրա, թեպետ այդ տերմինաբանությունը հայերենում այնքան էլ հասկանալի չէ։ Հավանաբար էլի սխալ են թարգմանել, որովհետև սխալ թարգմանությունները տեքստում այնքան շատ են, որ բաներ կան ի վնաս մեզ թարգմանված։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այս նախագիծը նախատեսում է նաև միջկառավարական հանձնաժողովի կազմում քաղաքական հարցերի ենթահանձնաժողովի ստեղծում։ Մենք էլ ասում ենք, որ պատմական հարթության խնդիր գոյություն չունի, այդ կետը պետք է դուրս գա, իսկ խնդիրները քննարկվեն հենց քաղաքական հարցերի ենթահանձնաժողովում։
-Այսինքն, Ձեր մոտեցումը հայեցակարգային տարբերությո՞ւն ունի։
-Անշուշտ։ Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության հետ կապված երեք հայեցակարգային մոտեցում կա։ Թուրքիան ասում է` ցեղասպանություն չի եղել ու վերջ։ Աշխարհն ընդհանուր առմամբ ասում է, որ ցեղասպանություն եղել է, բայց այնքան վաղուց, որ այսօրվա Թուրքիան դրա համար պատասխանատու չէ, դա Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունն է եղել։ Հայությունը և Հայաստան պետությունն առնվազն վերջին տասը տարում ասել են` ցեղասպանությունը ոչ միայն եղել է, այլև դրա հետևանքները շարունակվում են մինչ այսօր։ Մեր ազգը տարրալուծվում է սփյուռքում, պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում ոչնչացվում են հայկական քաղաքակրթությանը պատկանող հուշարձանները, մեր ժողովուրդը զրկված է իր հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Այսինքն, ցեղասպանությունից հետո հայոց հաջորդ սերունդները կրում են դրանց հետևանքները, որոնք առայսօր վերացված չեն։
Այս տեսանկյունից սա քաղաքական հարց է, որը թուրքերը փորձում են դարձնել պատմաբանների կողմից քննարկվող ակադեմիական հարց, այլևս քաղաքական նշանակություն չունեցող։ Եվ մեզ հարց են տալու տարբեր երկրներում, թե էլ ինչո՞ւ եք պահանջում ցեղասպանության ճանաչում, ո՞րն է դրա իմաստը։ Այ, սա է Թուրքիայի նպատակը, որպեսզի ճանաչման գործընթացը կասեցվի, ինչի արդյունքում Հայաստանը և հայությունը կդադարեն քաղաքական գործոն լինելուց, կկորցնեն իրենց իրավունքները վերականգնելու և ցեղասպանության հետևանքները վերացնելու հնարավորությունը։
-Հրանտ Մարգարյանն իր ասուլիսում նշեց, թե փաստաթղթի նախագծում Հայաստանի կողմից այսօրվա սահմանները ճանաչելու հստակ ակնարկ կա։ Դուք էլ էիք նշել, թե Կարսի պայմանագրի ուրվականը, կարծես, այս արձանագրությունների թիկունքից երևում է։
-Երևում է հստակ և այնքան էլ ուրվական չէ։ Արտգործնախարարը պնդում է, որ նախագծի այդ կետում Կարսի պայմանագիրը որպես այդպիսին հիշատակված չէ։ Բայց տվյալ կետի բովանդակությունը դա է հուշում։
-Հակառակ տեսանկյունից նայենք. եթե երկրները միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, պե՞տք է ճանաչեն նաև միմյանց սահմանները։
-Դիվանագիտական հարաբերությունների հաստատման ձևերն ամրագրված են 1961-1963 թթ. Վիեննայի կոնվենցիաներով։ Դա արձանագրային ընթացակարգ է, որտեղ երկրները ճանաչում են ոչ թե մեկը մյուսի սահմանները, տարածքային ամբողջականությունը, այլ միմյանց պետականությունը։ Այսինքն, Հայաստանը ճանաչում է, որ Թուրքիան պետականություն է, Թուրքիան ճանաչում է Հայաստանի պետականությունը, և այդ հիմքի վրա կողմերը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, միմյանց տարածքում հիմնում դեսպանատներ, հյուպատոսություններ, որպեսզի կարգավորեն իրենց քաղաքացիների հետ կապված իրավահարաբերությունները։ Իսկ մեզ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քողի տակ այսօր դեմ են տվել պայմանագրի նախագիծ։ Որովհետև նախաստորագրված արձանագրությունների կետերի մեծ մասը պայմանագրային բնույթի են։
Իսկ ո՞ր պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Ակնհայտ է, որ դա Կարսի պայմանագիրն է, պարզապես վերաձևակերպված տարբերակով։ Ընդ որում, նշվում է ոչ միայն բազմակողմ, այլև երկկողմ պայմանագրերի մասին, և տեքստը հետևյալն է, որ կողմերը «վերահաստատում են հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ ու բազմակողմ պարտավորությունները»։
-Սակայն Կարսի պայմանագրի ստորագրմանը 1921-ի հոկտեմբերի 13-ին մասնակցել են նաև Ռուսաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։
-Այո, դա, մի կողմից, բազմակողմ, իսկ մյուս կողմից` երկկողմ պայմանագիր է, որովհետև Ռուսաստանի պարտադրանքով Անդրկովկասի խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրն առանձին պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ։ Բայց Կարսի պայմանագիրն ընդամենը հետևանք էր 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի, որին Հայաստանն ընդհանրապես չի մասնակցել որևէ կարգավիճակով։ ՈՒ Կարսի պայմանագրում կան շատ հստակ հղումներ Մոսկվայի պայմանագրի վրա։ Դա ուղղակի բացահայտ է դարձնում այն փաստը, որ բոլշևիկա-թուրքական ագրեսիայի պատճառով Հայաստանի բաժանում է տեղի ունեցել։ Այժմ նախաստորագրված արձանագրություններով մեզ առաջարկվում է ճանաչել Կարսի պայմանագրի օրինականությունը, ինչը Հայաստանը մինչ օրս չի արել ու ճիշտ է վարվել։ Էլ չասած, որ նույն կետում ակնարկներ կան Ղարաբաղի հետ կապված։
-Մինչդեռ Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ Ղարաբաղի հետ կապված նախապայմանը գոնե հանված է։
-Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը հարգելու» մասին բառակապակցությունը։ Ի՞նչ հասկանանք այս պարբերության տակ։ Եվ ինչո՞ւ է խոսվում միայն տարածքային ամբողջականության, ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Մենք կարող ենք մտահոգություն ունենալ, որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև այն պետություններին, որոնք նրա հովանավորությունն են վայելում։ Ադրբեջանն այս կետը կարող է մեկնաբանել այնպես, որ Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է, իսկ Հայաստանը, Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրելով, ընդունել է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը։
-Կարծում եք` դա առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացի՞ն։
-Զուգահեռներն ակնհայտ են, նկատի ունենանք, որ բանակցությունների սեղանին դրված մադրիդյան սկզբունքներով Հայաստանին և ԼՂՀ-ին ակնհայտ զիջումներ են առաջարկվում։ Հիմա ասպարեզ կգա այդ սկզբունքների լրամշակված կամ փոփոխված տարբերակը, կտեսնենք ինչ է փոխվել։ Բայց դատելով այն բանից, ինչ այսօր կա հրապարակում, հայկական կողմերին բացարձակապես անհիմն և ակնհայտ զիջումներ են պարտադրվում` առաջին հերթին տարածքների և անվտանգության մասով։ Եթե Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի հետ չի կնքել չհարձակման պայմանագիր, նշանակում է, ագրեսիան չի բացառվում։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է հայկական կողմերը զիջումներ անեն և պատերազմի դեպքում պաշտպանությունը սկսեն անհամեմատ վատ դիրքերից։ Մեր բանակի դիրքավորումն այսօր այնպիսին է, որ ադրբեջանցիները հազիվ թե կարողանան այն ճեղքել, եթե անգամ պատերազմ սանձազերծեն։
Մանավանդ որ ոչ մի բան հստակ չէ Ադրբեջանի զիջումների մասով։ Հասկանալի չէ, թե ի՛նչ է ենթադրում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, լինելո՞ւ է արդյոք կարգավիճակի վերջնական ճշգրտման հանրաքվե, ե՞րբ, ի՞նչ հարցադրումով, դրա արդյունքներն արդյոք կճանաչի՞ Ադրբեջանը։ Այլ կերպ ասած, մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը ստանում է «синицу в руках», իսկ մենք` «журавля в небе»։
-Վերադառնանք արձանագրություններին։ Դաշնակցությունը հայտարարել է, որ մի շարք կետերում փոփոխություններ են անհրաժեշտ, բայց արդյո՞ք դրա մեխանիզմը կա։
-Իհարկե, եթե դրանք պետք է քննարկվեն խորհրդարանում։ Պետք է նկատի ունենալ, որ սա դեռևս վերջնական փաստաթուղթ չէ, նախաստորագրված նախագիծ է, և այն ստորագրող երկու կողմերն էլ կարող են ցանկացած փոփոխություն առաջարկել։ Այլ բան է, եթե իշխանությունները որոշել են խորհրդարանն օգտագործել որպես դակիչ մեքենա և այս ձևով ընդունել փաստաթուղթը, մենք այդտեղ անելիք չունենք և կօգտագործենք քաղաքական պայքարի այլ ձևեր։ Բայց եթե լինելու է իսկապես առողջ հասարակական քննարկում, և դրա արդյունքները նկատի են առնվելու նաև խորհրդարանական քննարկումների ժամանակ, ապա փոփոխություններն անխուսափելի են։ Ինչպես ցանկացած օրենք կամ պայմանագրի նախագիծ, սա էլ կարող է դրվել քննարկման, մշակվեն անհրաժեշտ կետերում փոփոխությունները, որոնք մեր արտգործնախարարությունը կներկայացնի թուրքական կողմին։ Իր տեսանկյունից փոփոխություններ կարող է առաջարկել նաև թուրքական կողմը, և բանակցությունների արդյունքում կողմերը գալիս են ինչ-որ փոխհամաձայնության կամ չեն գալիս։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն չունեն դա անելու, ուրեմն մտադիր չեն պայքարելու երկրի շահերի համար։
-Անդրադառնանք նախաստորագրման շարժառիթներին։ Որոշ կարծիքների համաձայն, սա ԱՄՆ-ի կոշտ ճնշման հետևանքն է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի վրա։ Բայց գուցե միայն Հայաստանի՞ նկատմամբ թուրքական ճնշման հետևանքն է։
-Երկուսն էլ։ Թուրքիայի վրա ԱՄՆ-ն անկասկած գործադրում է որոշակի ճնշում, որովհետև Թուրքիայի ուժեղացումը Եվրամիության դաշտում, նրա Եվրամիություն ընդգրկվելը բխում են ԱՄՆ-ի շահերից։ Բայց Եվրամիությունը մինչ օրս պնդում է, թե Թուրքիան չի բավարարում անդամակցության չափանիշները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, վատ է վարվում քրդերի հետ, չի ընդունում հայերի ցեղասպանությունը և այլն։ Տեղաշարժի հասնելու համար ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա այս հարցերում։ Բայց բոլորի կողմից Հայաստանի վրա ճնշումն ավելի մեծ է, որովհետև Հայաստանն ավելի փոքր, ավելի թույլ երկիր է։ Եվ իհարկե, մեր անկախության վերջին 20 տարին սխալ է օգտագործվել` չի ստեղծվել դիմադրության ընդունակ տնտեսություն, հասարակական ու քաղաքական համակարգ։
-Կարելի՞ է կանխատեսել, որ առաջիկայում ՀՅԴ-իշխանություն փոխհարաբերություններն ավելի կկոշտանան, որովհետև կկոշտանան դաշնակցության դիրքորոշումները։
-Շատ հավանական է։ Եթե Հայաստանի իշխանությունները չդիմեն այնպիսի քայլերի, որ մեր մտահոգությունները փարատվեն, ապա դաշնակցության դիրքորոշումները համարժեք փոփոխություն կկրեն։
-Իսկ ՀՅԴ-ի դիրքորոշման կոշտացումն ի՞նչ կոնկրետ դրսևորումներ կունենա։
-Նախ` տեսնենք, թե ինչպես կընթանան զարգացումները։ Դաշնակցությունը հայտարարել է, որ իշխանության նկատմամբ կլինի այնքան կոշտ, որքան նրանց սխալները կունենան ավելի ու ավելի վտանգավոր հետևանքներ։ Հիմա իշխանությունը սխալ ճանապարհին է, բայց կա իրավիճակը փոխելու շանս։ Սակայն եթե մեր ազգային շահերից շեղումն ընդունի անդառնալի բնույթ, մեր քաղաքականությունն ու պայքարը, իշխանության նկատմամբ քննադատությունը, բնականաբար, կկոշտանան։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ